Թարգմանություններ ռուական պոեզիայից

Posted: 9 марта, 2012 in Translations

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

 

Հիշում եմ դյութիչ պահն այն. հրաշք էր,

Երբ դեմ հանդիման ելար ի տես,

Որպես հպանցիկ ցնորապատկեր,

Մաքուր գեղանքի հանճար որպես:

Տրտմության վհատ խորքում պարտասուն,

Սին տագնապներում աղմկալից

Քո նրբին ձայնն էր մեղմահունչ հոսում,

Ուրվապատկերն էր երազ գալիս:

Տարիներ անցան: Հողմերն անմռունչ

Ցրիվ տվեցին ամեն ցնորք,

Եվ ես մոռացա ձայնդ նրբահունչ,

Դիմագծերդ երկնաշնորհ:

Աքսորի խավար խորքում հալածված

Մունջ ձգվում էին օրերս դեռ –

Առանց ներշնչանք ու առանց Աստված,

Անարցունք, անկյանք, անհույս, անսեր:

Սակայն զարթոնք է իմ հոգուն պատել,

Նորից դեմ-դիմաց ելար ի տես,

Որպես հպանցիկ ցնորապատկեր,

Մաքուր գեղանքի հանճար որպես:

Եվ սիրտս լեցրեց արբեցումն անհագ.

Հարություն առան նորից լուսեղ

Թե՛ աստվածություն և թե՛ ներշնչանք,

Թե՛ հույս, թե՛ արցունք, թե՛ կյանք, թե՛ սեր:

* * *

Լեր ապավեն, իմ թալիսման,

Այն օրերին, երբ հալածեն ինձ,

Երբ մեղանչեմ, բախտս կոծեմ իսկ,

Լեր դառն օրվա քաղցրիկ ընծան:

Երբ փոթորկվում է օվկիանն –

Իմ շուրջբոլորը մռնչում է,

Շանթեղ ամպրոպը երբ գոչում է,-

Լեր ապավեն, իմ թալիսման:

Խորթ վայրերում իմ մենության,

Երբ մունջ ձանձրույթն ինձ պարուրում է,

Ահեղ մարտի բոց ու հուրո՛ւմ էլ

Լեր ապավեն, իմ թալիսման:

Անուշ խաբկանքը սրբազան

Հոգվույս դյութանքն ու լուսատուն էր…

Կոծկվել թաքույց, դրժել է հունը…

Լեր ապավեն, իմ թալիսման:

Սրտի վերքերն իմ ամենայն

Հուշի խոցմամբ թող չտանջեն ինձ:

Հու՛յս, հեռացի՜ր, ննջե՛ք, տենչե՜ ր իմ.

Լեր ապավեն, իմ թալիսման:

* * *

           ՄԱՐԳԱՐԵ

Ոգու ծարավից տոչորման ժամիս

Անապատով ինձ բախտս քարշ տվեց, –

Եվ ուղեխաչքին մի վեցթևանի

Սերովբե էր, որ դեմս հայտնվեց:

Երազի նման` թեթև ու գերող,

Կոպերիս հպվեց նրբին մատներով:

Արծվենի աչքս բացվեց երկյուղած,

Ուր գուշակակիր հայացքս դողաց:

Եվ մատները յուր` ունկերիս դրեց, –

Թինդ ու զրինգով դրանք տոգորեց:

Երկնից դղրդոց ես ընկալեցի,

Հրեշտակների շեփորող վազքը,

Ծովի ստորջրյա զեռման բանվածքը,

Ցրտահարուքը որթ ու վարոցի:

Եվ մատները յուր` շուրթերիս դիպան,

Արմատից պոկեց լեզուս մեղսական –

Բարբաջող, հիմար, նաև` չարանենգ, –

Օձի իմաստուն խայթը երկփեղկված

Ընդմեջ շրթանցս` այլևս պաղած –

Տեղադրեց աջով իր արյունաներկ:

Եվ հետո վարսեց կուրծքս իր սրով,

Թրթռուն սիրտս այնտեղից պեղեց,

Կորզեց իմ սիրտը` ջեռ ու սարսռող,

Տեղը` հրաբորբ խանձառ զետեղեց:

Պիտի մարմինս դիտապաստ մարեր,

Երբ ձայնն Աստըծո` առ ինձ բարբառեց.

»Հառնի՛ր, մարգարե՛, և տեսանո՛ղ լեր,

Լեցվիր իմ կամքով ամենակարող,

Թափառիկ անցի՜ր ծով ու աշխարհներ

Եվ մարդկանց սրտերն այրի՛ր քո բառով»:

 

Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ

Գիշերով մենակ ճամփա եմ ելնում.

Մուժում` կայծքարի փայլքով արահետ:

Անապատը լուռ — Աստծուն ունկ դնում,

Դաշնախոսում է աստղը աստղի հետ:

Հրաշահանդես մի երկնակամար.

Երկիրն է նիրհել կապույտ ճաճանչում…

Էլ Ի՞նչն է այսպես ծանր ինձ համար,

Ի՞նչ եմ կամենում և ու՞մ եմ կանչում:

Չեմ ակնկալում ոչինչ այս կյանքից

Եվ չեմ ափսոսում անցյալը բնավ:

Ազատությու՛ն եմ փնտրում և հանգիստ:

Կուզեի ննջել, ո՛ղջը մոռանալ:

Ո՛չ գերեզմանի պաղ քնով, սակայն…

Կուզեի հավետ ես այնպես ննջել,

Որ ապրեր իմ մեջ ուժը կենսական,

Կուրծքս մեղմորեն լեցվեր ու շնչեր,

Որ գիշեր ու զօր ունկիս գգվելով —

Մի ձայն քաղցրալուր սիրո երգ հնչեր,

Եվ մթին կաղնին` վրաս թեքվելով —

Դալար խշշոցով հավերժ կանաչեր:

*  *  *       

 

                                 ***-ին

Մի՛ կարծիր, թե արժանի եմ  կարեկցանքի,

Թեպետ տրտում են բառերս` ո՛չ են հուշում.

Օ ո՛չ, բոլոր տաժանքներն իմ տառապանքի –

Առավել մեծ աղետներ են կանխագուժում:

Իմ պատանի սրտում եռում են ձայները,

Եվ Բայրոնին կցանկայի հասու լինել.

Մենք նույն հոգին ունենք, նույնն են կտտանքները.

Ինձ վիճակված բա՛խտն էլ` թե որ նու՜յնը լիներ…

Ես ազատություն եմ փնտրում և մոռացում

Քանց նա, հոգիս մանկուց պարուրել են բոցեր,

Լեռնածեգն եմ սիրում, ջրերը փրփրածուփ,

Երկրի ու երկնքի հողմերի գվվոցը:

Նրա նման` իզուր հանգիստ փնտրում էլի –

Ամենուրեք նույն մտքից եմ հալածական:

Ետ եմ նայում — և անցյա՜լն է զարհուրելի.

Առաջ նայում — և հարազատ հոգի չկա՛:

*  *  *

ՋՐԱՀԱՐՍԸ

Կապտավճիտ գետով ջրահարսն էր լողում

Լիալուսնի լույսերով ողողուն.

Ցայտքեր էր սրսկում լիալուսնի բակին

Արծաթափայլ փրփուրից ալիքի:

Գետը գալար գալիս և օրրում էր ճամփին

Իր մեջ արտացոլված ամպ ու զամպին:

Ջրահարսն էր երգում – հնչյուններ ու բառեր

թևում էին մինչ ափը զառիվեր:

Ջրահարսն էր երգում. »Հատակիս շողշողուն

Օրվա լույսի թրթռոցն է խաղում:

Ոսկեխայտ ձկների վտառներ կան ներսում,

Եվ բյուրեղե քաղաքներն են մրսում:

Այնտեղ վառ ավազի բարձին գլուխն հակած,

Եղեգնուտի խիտ ստվերը հագած –

Նինջ է մտել ալյաց ավար` մի դյուցազուն.

Նինջ մտել ու` չի խոսում երազում:

Սանրել խոպոպների մետաքս օղակները

Մենք սիրում ենք մթին գիշերներով.

Ճակտին ու շուրթերին, երբ կեսօրն է գալիս,

Բազում անգամ մենք համբույր ենք տալիս:

Համբույրների հանդեպ, սակայն, մեր կրքավառ

Նա մնում է, ինչու՞, համր ու սառ:

Թեքված կրծքիս կողմը` ննջում է ու ննջում,

Քնի մեջ չի՛ շնչում, չի՛  շշնջում…»:

Ջրահարսն էր այդպես երգում կապույտ գետում,

Շրջակայքը թախիծով էր պատում.

Գետը գալար գալիս և օրրում էր ճամփին

Իր մեջ արտացոլված ամպ ու զամպին:

*  *  *

ՕԴԱՅԻՆ ՆԱՎԸ

(Զեյդլիցից)

Եվ օվկիանոսի լուրթ ալիքներով

Աստղերն են հենց որ պսպղում –

Իր բոլոր փքված առագաստներով

Միայնակ մի նավ է լողում:

Քամուց չեն բեկվում հողմացույցերը,

Չեն ճկվում կայմերը կայուն,

Թուջե լռակյաց թնդանոթներն են

Բաց փողանցքներից նայում:

Տախակամածին նավազներ չկան,

Չի լսվում ձայն նավապետի.

Հողմերին խութե ծանծաղուտները

Այս նավի ճամփեն չեն հատի:

Եվ կա մի կղզի այդ օվկիանոսում –

Գրանիտե, ամայի մի տեղ:

Որբ մի գերեզման այդ մռայլ կղզում.

Կայսրն է հանգչում այնտեղ:

Թաղել է նրան առանց մեծարանք

Թշնամին` ավազում սորուն,

Վրան էլ դրել ծանրաբերձ մի քար,

Թե իբր` դուրս գալ չզորի:

Գիշերով, հենց որ լրվում է տարին,

Նրա մութ վախճանի պահին

Լռելյայն բարձր ափին մոտենում –

Կանգնում է նավը օդային:

Այդժամ արթնանում ու հայտնվում է

Դագաղից` կայսրը հանկարծ –

Մարտագլխարկով իր եռանկյուրնի,

Ռազմերթի գորշ սերթուկ հագած:

Ծալելով զորեղ ձեռքերը կրծքին,

Գլուխը հակելով ներքև`

Գնում-նստում է այդ նավի ղեկին,

Եվ նավը ճախրում է թեթև.

Սուրում է դեպի Ֆրանսիա բաղձալի,

Ուր թողել էր փառք ու գահ,

Իր թագաժառանգ որդուն էր թողել

Եվ իր հին գվարդիան, որ չկա:

Հենց որ վերստին հողը հարազատ

Տեսնում է գիշերվա մթում,

Սիրտը նորից է անզուսպ բաբախում,

Աչքերում հուր է բոցկլտում:

Եվ ափ է իջնում քաջ ու համարձակ

Շեշտ քայլքով եզերքն իր նորից,

Զինակիցներին ձայնում է ահեղ

Ու կանչում մարաջախտներին:

Ննջել են հաստբեղ գրենադերները

Այնտեց, ուր Էլբան է խշշում,

Ռուսիո բքաշունչ ձյուների ներքո,

Բուրգերի ավազի փոշում:

Մարաջախտներն էլ կանչը չեն լսում.

Զոհվեցին, զի մեծ էր սերը,

Իսկ մյուսները դավաճանեցին,

Ծախեցին իրեն սուսերը:

Ետ ու առաջ է քայլում բարկացած,

Դափում է հողն ու հառաչում,

Հածում է խաղաղ ափի երկայնքով

Ու նորից բարձրաձայն գոչում –

Կանչում` հեղհեղուկ բախտին հակընդդեմ –

Հարգալիր որդուն թող բերեն,

Զի նրան կեսը կտա աշխարհի,

Լոկ Ֆրանսիան կթողնի իրեն:

Բայց ծաղկման փուլում հույս ու կորովի –

Հանգել էր որդին արքայի,

Եվ երկար կանգնած սպասում էր մենակ

Կայսրը` ափին ամայի:

Կանգնել ու ծանր հոգոց էր քաշում,

Մինչ ծեգից լույսը մեղմ հոսի.

Կաթկթում էին դառն արցունքները

Աչքերից` խոնավ ավազին:

Ու կախարդական իր նավը դեպի –

Հակած յուր գլուխը հողին –

Ետ գնաց, ձեռքը թափ տալով բռնեց

Ճամփեն իր` վերադարձողի:

*  *  *

ԱՌԱԳԱՍՏ

Ճերմակին է տալիս առագաստը մենիկ

Կապտալազուր ծովի մուժում ազատ…

Հեռու, օտար երկրում փնտրելու ի՞նչ ունի,

Ի՞նչ է թողել եզերքում հարազատ:

Ալիքներն են խաղում, քամին սույլ է հանում,

Նրա կայմն է բեկվում ու ճռնչում…

Երջանկություն ու բախտ, ցավո՜ք, չի՛ որոնում

Եվ երջանիկ բախտից նա չի փախչում:

Նորքո` կոհակներն են լազուրափայլ լույսում,

Վերևում` ոսկեշողն արեգական…

Իսկ նա, հուզախռով, փոթորիկ է ուզում,

Ասես փոթորկի՛ մեջ սոսկ` հանգիստ կա:

*  *  *

ՀՐԵԱԿԱՆ ՄԵՂԵԴԻ

Մտայլ է իմ հոգին: Փութա՛, փութա՛, երգիչ:

                   Թող ձեռքերդ ոսկե տավիղ վերցնեն.

Թող որ քո մատները սահելով վրայից`

                   Լարերին դրախտի հնչյուններ արթնացնեն:

Թե բախտն իմ հույսերը մինչև վերջ չի հատել,

                   Նրանք իմ կրծքի տակ դեռ կարթնանան ու կխոսեն,

Թե կան աչացս մեջ պաղ արցունքակաթեր`

                   Բոլորը, հալչելով, պիտի հոսեն:

Թող որ վայրի լինի երգդ: Քանց պսակն իմ` անձուկ,

                   Դժնի են ինձ համար ձայները բերկրանքի:

Եվ ես ասում եմ քեզ. երգի՛չ, տու՜ր ինձ արցունք,

                   Կամ էլ կպատառվի կուրծքս տառապանքից:

Նա ցավ ու վշտից է միայն սնունդ քաղել,

                    Չարչրկվել է համր ու անընդհատ:

Եվ այլևս լիքն է, լրված ժամին ահեղ,

                    Ինչպես թույնով լեցուն մահու գավաթ:

*  *  *

Բաժանվեցինք. տեսքդ սակայն

Ես պահպանում եմ իմ կրծքին.

Հանց անցյալի հույլ ուրվական –

Այն ամոքում է իմ հոգին:

Նոր կրքերին տրված հաճախ –

Այն մոռանալ չե՛մ զորացել.

Լքված տաճարն էլ է` տաճար,

Ընկած կուռքն էլ` դեռ աստվա՛ծ է:

*  *  *

ԱՂՈԹՔ

Ես, Աստվածամայր, աղոթքով իմ հիմա

Եվ պայծառափայլ պատկերքի դեմ քո

Ո՛չ հանուն փրկության, ո՛չ նախքան ռազմամարտ,

Ո՛չ երախտիք ու ապաշխարանքով,

Ո՛չ ունայն հոգու համար եմ աղոթում

Աստանդականիս` անոք ու անգոհ,

Այլ անմեղ կույսին բաղձում եմ փարատում

Պաղ աշխարհի ջերմ հովանուդ ներքո:

Բերկրանքով պատիր այդ հոգին անաղարտ,

Տու՛ր ուղեվարներ` զգոնությամբ լեցուն,

Պատանության լույս, ծերություն մի խաղաղ,

Եվ անչար սրտին` ապավինություն:

Թող որ լրման ժամին սնարին մոտենա –

Գիշեր լինի թե` ծեգ ճառագած, –

Այդ չքնաղ հոգին ընդունելու գնա

Գերազոր հրեշտակը` քո առաքած:

*  *  *

 

ՖԵՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎ

 

                                 SILENTIUM

Լռիր, կոծկիր, պահիր թաքուն

Ե՛վ անրջանք, և՛ զգացմունք.-

Ներառկայծում հոգուդ բերեն –

Անդ ծեգից-ծեգ թող դեգերեն

Նրանք` աստղեր քանց ցաքուցիր.

Սքանչացիր ու համրացիր:

Սիրտդ ինչպե՞ս իրեն բանա,

Ուրիշ մեկը ո՞նց հասկանա,

Թե ինչով է հոգիդ գերված.

Կեղծիք է միտքն արտաբերված:

Ակունքներիդ վերադարձիր,

Սնվիր խաղաղ ու համրացիր:

Քո մեջ կենալ կարողացիր,

Այնտեղ աշխարհ ունես անծիր.

Գաղտնահրաշ հողդ  անբիծ

Կխլանա արտաղմուկից,

Օրվա լույսից` կույր կհածի.

Ունկ դիր հողիդ  ու համրացիր:

* *

ՏԵՍԻԼՔ

Օ համաշխարհային անլուր լռության մի ինչ-որ ժամ կա.

Հայտնությունների ու հրաշքների հենց դույն-ինչ ժամին

Հաղթարշավում է տիեզերական կառք մի կենդանի

Առ երկնախորան եզրը սրբագահ:

Քանց քաոս-թունդ է այդժամ գիշերը` ջրերին առկախ,

Անհուշությունն է, Ատլասի հանգույն, ճնշում ցամաքին.

Սոսկ Աստվածներն են հուզում Մուսայի կուսական հոգին –

Երազ տեսնելով մարգարեական:

 

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ

Այս օրը օր է չար,

Նինջ ծղրիդների — թունդ.

Մուժում ստվեր նետած ժայռ —

Շիրմաքարից էլ մութ:

Նետերի սլացք — սույլ,

Ագռավագուշակ կռինչ…

Տեսնում եմ երազ` հույլ,

Պահից-պահ հոսող նինջ:

Սահմանն ընդլայնիր հին,

Հերքիր վանդակ ու նյութ,

Թնդացրու վայրագ հիմն,-

Պղնձյա գաղտնիք` բու՛նտ:

Հոգու ճոճանակ — լա՛խտ,

Ճշգրիտ է ճոճքը, տես,

Արգելված դուռը, բա՛խտ,

Թակիր ու հասիր մե՜զ…

* * *

Հանուն թինդ խիզախման` ապագա դարերի,

Հանուն բարձր ու վսեմ մարդկանց ցեղի, —

Զրկվեցի և՛ թասից խնջույքում հայրերի,

Ե՛վ սեփական պատվից, և՛ ծիծաղից:

Իսկ այս գելխեղդ-դարը  ուսերիս է ցատկում.

Մենակ եմ, բայց արյամբ` ո՛չ, գայլ չե՛մ ես.

Խցկիր ինձ սիբիրյան տափաստանի տաքուկ

Մուշտակի թևքի մեջ` գլխարկի պես…

Որ ո՛չ ահ ու սարսափ, ո՛չ կպչուն ցեխ տեսնեմ,

Ո՛չ շաղախ գելանվում` ոսկր ու արյան, —

Լուրթ շողան ողջ գիշեր բևեռի աղվեսներ —

Շռայլ գեղեցկությամբ նախնադարյան:

Տա՜ր ինձ մթան մեջ, ուր — Ենիսեյն է հոսում,

Եվ աստղին է հասնում սոճին տափաստանի,

Քանզի գայլ չեմ արյամբ և` այսպես եմ խոսում.

— Միայն հավասա՛րը ինձ կսպանի:

ՖԱՅՏՈՆՉԻՆ

Շրջոնքված վայրում մուսուլմանական,

Բարձր լեռնանցքում` մշուշով լի,

Քեֆ էինք անում մահվան հետ անգամ,

Ինչպես երազում զարհուրելի:

Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.

Դեմքը խարկված էր, որպես չամիչ,

Դա դիվանքների ախպերն  էր և կամ

Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:

Խոսվածքն` արաբի, հնչյունները` բարդ,

Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում —

Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ

Դաբաղած դեմքն էր ծու՜յլ պահպանում.

Դիմագծերը կոծկած սոսկալի

Արնաշեշտ մաշկի դիմակի տակ —

Քշում էր,- բայց ու՞ր,- կառքը քառանիվ

Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:

Նորից թափավազք, խթան, ցնցումներ,

Եվ անհնար էր իջնել սարից.

Պարույր գծեցին ֆայտոնները մեր,

Իջևաններն են պտույտ գալիս…

Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,

Մեզ ձիերի հետ,- գլխի ընկա,-

Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,

Ոմն ժանտախտի մի նախագահ:-

Մետաղալարից մտրակ է հյուսել,

Վարում է կառքը` խրախճացած,

Որ պտույտ գործի որպես կարուսել

Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…

Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի —

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ:

Անամոթաբար շառագունում են

Մերկ տներն ու վեր նայում անթարթ,

Երկինքը վերից մեգն իր մանում է,

Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ:

 

ՆԻԿՈԼԱՅ ԳՈՒՄԻԼՅՈՎ

                                  ԱՆՏԱՌ

Այս անտառում բները ճերմակին տալիս –

Մուժի միջից հանկարծ ի հայտ էին գալիս:

Արմատ էր ճառագում արմատը հողածին,-

Ողջը` շիրմաբնակ ձեռքեր արարածի:

Այնտեղ` տերևների ծածկույթի տակ բոցե

Կենում էին հսկան, թզուկն ու առյուծը:

Անդ նշմարում էին ձկնորսներն ավազում

Վեցմատնանի մարդկանց ձեռնահետքեր բազում:

Էլ ո՞ր շավիղն անտառ տեղ հասցնի պիտի

Կլոր Սեղանի կամ Ֆրանսիո ասպետին,

Երբ ո՛չ ավազակը այստեղ մարախ մտավ,

Ո՛չ էլ վանականը ճգնանձավն իր գտավ:

Բայց այստեղից մի օր, մռայլ վերջնածեգին,

Երբ ամպրոպ էր` ելավ կատվագլուխ մի կին.

Նրա գլխին` արծաթ ու ձուլածո թագ կար,

Թառանչեց ու տնքաց մինչև արևագալ, —

Նախքան թե քահանան հաղորդություն կտար –

Ծեգը-ծեգին մահվան դարպասից ներս մտավ:

Սա եղե՜լ է, եղե՜լ. տարիներ են անցել,

Որոնցից հետք անգամ հիմա չի մնացել:

Սա եղե՜լ է, եղե՜լ, ու երկրի այն մասում,

Որի մասին երազ չես տեսնի երազում:

Սա հորինել եմ ես` նայելով քո բոցեղ

Հյուսքերի բոժոժվող օղակներին օձե

Եվ քո կանաչավուն աչքերի հայացքին –

Պարսկական փիրուզի փայլքով հիվանդագին:

Գուցեթե անտառն այդ — քո հոգին է, հոգին,

Գուցեթե անտառն այդ — իմ սերն է կաթոգին

Կամ, միգուցե մենք էլ, երբ մեր մահը գտնենք,

Միասին կգնանք` անտառն այդ կմտնենք:

* * *

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s